Թուրքական MIT հետախուզությունը, ամենայն հավանականությամբ լրտեսում է գերմանացի քաղաքական գործիչներին։ Գերմանական Sueddeutsche Zeitung, թերթի փոխանցմամբ՝ «թուրքական պետության 500 պոտենցիալ թշնամիների» ցուցակում է հայտնվել նաեւ Բունդեսթագի պատգամավոր Միշել Մյունտեֆերինգը ու Բեռլինի լանդթագի պատգամավոր Դեմիրբյուկեն- Վեգները։ Երկուսն էլ հայտնվել են այն «կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների» բաժնում, որոնք «լավ հարաբերություններ» ունեն Գյուլենի շարժման հետ։

Մի քանի շաբաթ առաջ այդ ցուցակը փոխանցվել է Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության նախագահին, ըստ երեւույթին  MIT-ի ղեկավարը հույս ուներ ստանալ նրա աջակցությունը։

Պատգամավոր Մյունտեֆերինգը արդեն մի քանի տարի է Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի կազմում է ու զբաղեցնում գերմանա-թուրքական խորհրդարանական խմբի նախագահի պաշտոնը։ Վերջերս նա բազմիցս քննադատել է թուրքական կառավարությունը, սակայն կողմ է արտահայտվել երկխոսությունը պահպանելուն։

Ամենայն հավանականությամբ MIT –ի դոսյեում Գյուլենի շարժման հետ ցանկացած կապ ունեցողները դասակարգվում են որպես պետության թշնամի, գրում է պարբերականը։

«Թուրքական կառավարության նման գործողությունները եւս մեկ անգամ հաստատում են քննադատական դիրքորոշումների վրա ճնշում գործադրելու փորձերը։ Այն հերթական անգամ անցել է բոլոր սահմանները»,- ասել է Մյունտեֆերինգը Բեռլինոււմ։ Իսկ ՍԴԿ խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը «լրիվ անընդունելի է համարել այն փաստը, որ թուրքական հատուկ ծառայությունները լրտեսել են պատգամավորի» ։ Նրա խոսքով ԱՆկարան պետք է ամենակարճ ժամանակում «ապահովի այդ լրտեսության դադարեցումը»։ «Ես ապշում եմ, թե ինչ արմատական ձեւերով է Թուրքիան ուզում հասնել Գերմանիայի հետ հարաբերությունների վատացմանը»,- հավելել է նա։