Արցախի անկախությանը այլընտրանք չկա եւ մեր հազարավոր զոհերի արյունը իզուր չի թափվել: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Արցախի խորհրդարանի նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ իրենց քաղաքական պլատֆորմի հիմքում դնում են խաղաղության եւ բարիդրացիության հաստատում՝ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման ոչ հայանպաստ դիրքորոշումներով. «Այդ մտքերի ռազմավարությունը հանգում է «տարածքներ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» կամ, որ նույնն է «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքին: Ընդ որում` նրանք փորձում են ապացուցել, որ մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ ամբողջ աշխարհը, որը գործում է մեր դեմ եւ ստիպում է, որ ընդունենք Մադրիդյան սկզբունքները»,- նշել է Ա. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ խմբակցությունը դատապարտում է ՀՀ-ում առկա այդօրինակ քաղաքական գաղափարներ կրողների կեցվածքը եւ այն դիտում են որպես ոտնձգություն Արցախի սուվերենության նկատմամբ:
«Վերստին հայտարարում ենք, որ Արցախի անկախությանը այլընտրանք չկա եւ մեր հազարավոր զոհերի արյունը իզուր չի թափվել: Գտնում ենք, որ ցեղասպան Ադրբեջանն ու Թուրքիան վարելով հայատյաց քաղաքականություն դա նույնիսկ չեն թաքցնում, իսկ դրան հակադրվելու միակ ձեւը ուժեղ եւ հզոր պաշտպանություն, տնտեսական համակարգ եւ բարձր ոգի ունենալն է»,- իր խոսքն ամփոփել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:



























