Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի մարմինը կփոխանցվի հյուսիսկորեական կողմին՝ համապատասխան հարազատների հարցման։ Այս մասին ասվում է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի հայտարարությունում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Դիահերձման գործընթացի ավարտի եւ հարազատների գրավոր հարցման հետ կապված՝ մենք մարմինը Հյուսիսային Կորեա կուղարկենք», - նշել է Ռազակը։

Նա նաեւ հայտնել է, որ Փխենյանում Մալայզիայի դեսպանատան 9 աշխատակիցներ, որոնց թույլ չեն տվել երկիրը լքել Կիմ Չեն Նամի մահվան հետեւանքով ծագած դիվանագիտական տարաձայնությունների պատճառով, այժմ կարող են հայրենիք վերադառնալ։

Որպես պատասխան ժեստ՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող ԿԺԴՀ երկու քաղաքացիներին թույլատրվել է լքել Մալայզիայի մայրաքաղաքը։

Նաջիբ Ռազակը նաեւ ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի հետ դիվանագիտական ճգնաժամն ավարտված է։