Հայաստանի կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել հարկային ու մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի աշխատանքներին: Այս մասին, այօսր՝ մարտի 30-ին, կառավարության նիստում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր արդեն 3 նմանատիպ նախագիծ ներկայացնում է կառավարության քննարկմանն ու հաստատմանը:

Ըստ այդմ,  գործադիրը սահմանել է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական hաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար hարկ վճարողների չափանիշները, ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ փոխհատուցվող գումարների՝ մինչեւ 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը եւ ժամկետները: 
Խնդիրն այն է, որ արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է աստիճանաբար պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը եւ կրճատել ժամկետները: Որոշմամբ առաջարկվում է սահմանված չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով եւ անհամեմատ ավելի կարճ ժամկետներում: 
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչեւ 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումը, իսկ 2017թ. ընթացքում՝ վերադարձը իրականացվում է՝ առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու, ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն: