Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո սոցցանցերում ու WhatsApp, Viber ու Telegram մեսենջերներում «ԱԴԾ առաջնաղբյուրից» զանգվածաբար տարածվում են ֆեյքային հաղորդագրություններ՝ երկրի ամբողջ տարածքում ծրագրվող ահաբեկչությունների մասին, հայտնում է Lenta–ն։
Հայտարարությունների մեջ ասվում է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ երկրի խոշոր քաղաքներում ծրագրվում են մի շարք ահաբեկչություններ, որոնք պետք է իրականացնեն 18 մահապարտներ։ Իսկ հետո թվարկվում են այն բնակավայրերը, որտեղ ԱԴԾ-ն ուժեղացրել է հսկողությունը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ուժային գերատեսչություններն ու իրավապահ մարմինները անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի։ Սակայն Թաթարստանում ԱԴԾ վարչությունում ապրիլի 4-ին հայտնել են, որ այդ տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ «Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը հսկողության տակ է»,- պարզաբանել են վարչության մամուլի ծառայությունից։


























