Շատ լսելով Լաստիվերի արտասովոր գեղեցկության մասին՝ NEWS.am-ի թղթակիցները որոշեցին անձամբ այցելել կիրճ եւ իրենց տպավորությունները ներկայացնել ընթերցողներին (ֆոտոռեպորտաժ):

Լաստիվերը Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի կիրճն է: Նախ պետք է Իջեւան հասնել, այնուհետեւ՝ Ենոքավան գյուղ: Ավտոճանապարհն ավարտվում է հանգստի հայտնի գոտու եւ էքստրեմալ ձեւերի զվարճանքների «Յելլ պարկի» մոտ: Այստեղից սկսվում է քայլքով երթուղին:

Միջինվիճակագրական քաղաքաբնակի համար երթուղին առանձնապես դժվարություն չի ներկայացնում: Լաստիվերի հիմնական գեղեցկությունը կիրճում է, իսկ ճանապարհը 3 կմ ներքեւ է ձգվում, եւ նույնքան էլ հետ: Միանգամից ասենք, որ Լաստիվեր գնալու լավագույն ժամանակը ամռանն է: Իհարկե, կիրճը գեղեցիկ է նաեւ գարնանը, երբ բնությունը նոր է արթնանում, բացվել են դաշտային առաջին ծաղիկները, ծառերին ուռչել են բողբոջները: Բայց ամռանը, անտառի կանաչ առագաստի ներքո ճանապարհորդությունն էլ ավելի տպավորիչ կլինի:

Ուղեցույցների համաձայն՝ ճանապարհն անցնում է խիտ անտառով, որը հիմնականում կազմված է կաղնուց, բոխուց, հաճարենուց, որոնք, այսպես կոչված, Կովկասյան գավառի Իջեւանյան բուսական շրջանին առավել բնորոշ ներկայացուցիչներն են: Առանձին հատվածներում կան թխկիի տարբեր տեսակներ, հացենի, մասրենի եւ ցախկեռաս: Զբոսաշրջիկներն իրենց ճանապարհին կարող են հադիպել նաեւ անտառի մշտական բնակիչներին՝ ջրարջի, փորսուղի, աղվեսի, հազվադեպ՝ անտառային կատվի, լուսանի, աքիսի եւ կզաքիսի: Ավելի բարձրում հանդիպում են գայլեր եւ գորշ արջեր:

NEWS.am-ի թղթակիցները, ցավոք, տեղի ֆաունայի ներկայացուցիչների չհանդիպեցին:

Ուղեցույցի համաձայն՝ միջնադարյան ապստամբների հիմնած երթուղին մի քանի ճյուղերից է կազմված, որոնցից յուրաքանչյուրը տանում է դեպի մեկուսի ժայռաբեկորը, որտեղ էլ տեղակայված է եղել 13-րդ դարի պարտիզանական դիտակետը: Իսկ հիմնական ճանապարհը դեպի վար է տանում՝ դեպի քարե աստիճանները, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում. անտառն անսպասելիորեն անհետանում է՝ տեղը զիջելով բուսականությունից զուրկ քարքարոտ արահետին: Մի կողմից ճամփորդին ուղեկցում է հսկայական եւ բավական երկար քարե պատը, մյուս կողմից՝ խորը անդունդը: Հնագույն հավատալիքների համաձայն՝ հենց այստեղ էլ նստել են կիկլոպները, ինչի արդյունքում էլ բնական այս գահը ստացել է «Յոթ կիկլոպների թախտ» անունը:

Իսկապես, կիրճից բացվող տեսարանից մարդու շունչ է կտրվում: Գլխապտույտ ունեցող եւ բարձրությունից վախեցող մարդկանց խորհուրդ չի տրվում այստեղ երկար մնալ:

Գլխավոր տեսարժան վայրը քարանձավն է, որտեղ 13-14-րդ դարերի թաթար-մոնղոլական արշավանքի ժամանակ ապաստան է գտել տեղի բնակչությունը: Քարանձավը հսկայական կիրճի եզրին է, եւ այնտեղ հասնելու համար մարդիկ գերաններից աստիճաններ են սարքել: Կառույցը լաստի է նման, որտեղից էլ առաջացել է անվանումը:

Ճամփորդության մեկնելով՝ մի մոռացեք ջրի պաշար վերցնել, քանի որ աղբյուր կարող եք գտնել միայն կիրճի հատակին:

Թերությունների թվում կարելի է նշել այն, որ, չնայած երթուղու հանրաճանաչությանը, շատ քիչ ցուցանակներ կան, եւ շատ դյուրին է շեղվել արահետից, ինչին բախվեցին նաեւ NEWS.am-ի թղթակիցները: Իհարկե՝ դժգոհելու առիթ չեղավ. յուրաքանչյուր ավելորդ կիլոմետրը Լաստիվերի բնությամբ հիանալու հերթական առիթ էր: