Վայոց ձորի Գնդեվազ գյուղում ապրիլի 6-ին Ամուլսարի ոսկու եւ արծաթի բաց հանքավայրի ծրագրի սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության չափանիշների անհամապատասխանության վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել: NEWS.am-ի հետ զրույցում Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը նշեց, որ քննարկմանը ներկա են եղել կառավարությունից, «Սեւան» ազգային պարկի հանձնաժողովից ներկայացուցիչներ, բնապահպաններ եւ Գնդեվազի բնակիչներ: Բնակիչները իրենց բողոքներն են ներկայացրել հանքավայրի շահագործման հետ կապված, որոնք ուսումնասիրելուց հետո կրկին քննարկում է կազմակերպվելու բնակիչների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ:
«Հանքավայրը շատ մոտ է գյուղին, մեր համայնքի համար բնապահպանական աղետ կլինի հանքավայրի շահագործումը: Այստեղ հիմնականում այգեգործությամբ ենք զբաղվում, իսկ հանքի պատճառով անընդհատ փոշի է լինելու, որն էլ ազդելու է մեր գյուղատնտեսական արտադրանքի վրա»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Վայոց ձորի Գնդեվազ համայնքի բնակիչները մարտի 12-ին վարչապետի հետ հանդիպմանը բարձրացրել էին Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը: Կարեն Կարապետյանը խոստացել էր, որ մարտի 16-ին Գնդեվազում Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված քննարկում տեղի կունենա, կառավարության անդամները գյուղացիներին մտահոգող խնդիրները լսելուց հետո կփորձեն հնարավորինն աջակցել գնդեվազցիներին:



























