Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  40-ամյա բնակիչ Արմեն Երանոսյանի աշխատանքի հարցն այդպես էլ չի լուծվել: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Վարդենիսի ոսկու հանքը նոր տնօրեն ունի եւ պատրաստվում է աշխատանքի հարցով դիմել նոր տնօրենին:

«Հին տնօրենը, որն ինձ ազատել էր աշխատանքից, մահացել է, վաղը գնալու եմ նոր տնօրենին դիմեմ, որ աշխատանքի ընդունի: Դիմողներ եղել են, ընդունել է բոլորին, ում նախկին տնօրենն ազատել էր»,-ասաց նա:

Արմեն Երանոսյանը նշեց, եթե նոր տնօրենն իրեն աշխատանքի չընդունի՝ դիմելու է ծայրահեղ քայլերի, քանի որ աշխատանք չունի, իսկ ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքն հայտնվել է անելանելի վիճակում:

«Եթե առաջ բերանս էի կարել, հիմա Երեւան եմ գալու, ինչ անելու եմ՝ ինձ եմ անելու: Որովհետեւ ես այսպես չեմ կարող ապրել, ընտանիքս սոված է, ամեն օր մի նամակ գալիս է, վարկերի փողն են ուզում»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել:

Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին հեռացրել են աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել է աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է: Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր եւ եղբոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում: