Հայաստանում կարտոֆիլի որակյալ սերմը չի բավականացնում: Ապրիլի 11-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ գարնան սկզբին գյուղացիները փող չունեն սերմ գնելու համար, իսկ պետությունը նրանց չի աջակցում: Արդյունքում՝ նույնիսկ կարտոֆիլ եւ հատիկավոր բույսեր աճեցնող ավանդական շրջաններում ցանքատարածքները կրճատվում են: «Բոլորը գիտեն, որ Գյումրիին կից Ազատան գյուղը կարտոֆիլի գյուղ է: Եվ ահա, այս տարի ցանքսը 2 անգամ կրճատվել է: Քանի որ գյուղացիները փող չունեն: Կարտոֆիլի մանր սերմը վաճառում են որպես ուտելի կարտոֆիլ, որ գոնե ինչ-որ շահույթ ունենան»,- նշեց Բերբերյանը: Նա համոզված է, որ հատիկավոր եւ կերային բույսերի թվում անհրաժեշտ է գյուղացիներին սուբսիդավորել նաեւ կարտոֆիլի սերմով:



























