Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Սիրիայի սահմանին կառուցվող բետոնե պատի շինարարական փուլերից մեկի ավարտի մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչությունը հաղորդել է Twitter-ի իր էջում: 

«Սիրիայի սահմանին 556 կմ-անոց բետոնե պատի կառուցումը, որը Սահմանի ֆիզիկական անվտանգության համակարգի նախագծի շրջանակում իրականացվում էր բնակարանային շինարարության հարցերով պետական վարչության հետ համատեղ, ավարտվել է»,- հայտնել են գերատեսչությունից:

Անցյալ տարեվերջին պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը նշել էր, որ Անկարան մտադիր է պատի կառուցումն ամբողջությամբ ավարտել 2017 թվականի կեսին: Ծրագրված է Սիրիայի սահմանի երկայնքով ընդամենը կառուցել 825 կմ բետոնե կառույցներ: Սահմանային այս պատնեշը 7 տոննա կշռով, 2 մ լայնությամբ եւ 3 մ բարձրությամբ մետաղալարերով բետոնե բլոկներից հավաքված պատ է:

Պատի երկայնքով յուրաքանչյուր 300 մետրը մեկ դիտաշտարակներ են դրված, որոնք հագեցած են դիտարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով: Նախատեսվում է, որ դիտաշտարակներում կտեղադրվեն ավտոմատ գնդացիրներ եւ խախտողների ձայնաազդանշանային համակարգ:

Պատի հիմնական նշանակությունը Սիրիայից ահաբեկիչների եւ մաքսանենգների կողմից սահմանի ապօրինի հատումների կանխումն է: