Հայաստանում գտնվող ղրղզական պատվիրակությունը հետաքրքրվել եւ ծանոթացել է սեյսմակայուն շինարարության հայաստանյան նորմերին:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը, որի այցի հիմնական նպատակն էր էներգաարդյունավետության եւ էներգախնայողության ոլորտում մեր երկրի փորձառության ուսումնասիրությունը եւ իրականացված աշխատանքներին ծանոթանալը:
Արմեն Ղուլարյանը հյուրերին ներկայացրել է ոլորտում կատարված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, ինչպես նաեւ` օրենսդրական կարգավորումները:
Խոսելով ոլորտի կարգավորման նպատակով ձեւավորված համագործակցության մասին, նա անդրադարձել է դաշտում եղած միջազգային եւ հասարակական կազմակերպություններին եւ վերջիններիս հետ Հայաստանի կառավարության արդյունավետ գործընկերությանը:
Ղրղզստանի պատվիրակության անդամները հետաքրքրվել եւ ծանոթացել են նաեւ սեյսմակայուն շինարարության հայաստանյան նորմերին, նշելով, որ թե այս, թե վերը նշված խնդիրների համատեքստում իրենք փորձի փոխանակման անհրաժեշտություն ունեն, ինչին եւ միտված էր տվյալ այցը:
Կողմերը հրաժեշտ են տվել միմյանց՝ քննարկված թեմաների տիրույթում հետագա համագործակցության ակնկալիքով:




























