Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ ունեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հասարակական կազմակերպության հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը:
«Գաղտնիք չէ, որ 30-ից հետո մարդիկ դժվար են աշխատանք գտնում, այսինքն ծնողները գործազուրկ են: Սրան գումարվում է նաեւ այն, որ նրանք կորցրել են իրենց 20 տարեկան երիտասարդներին, որոնք պետք է գային, ուսում ստանային ու աշխատեին: Պետությունը մեկ տարի լույսը մուծեց, ոչ մի զիջումներ նրանց այսօր չկան, բայց ի՞նչ, մեկ տարո՞վ է նրանց որդին զոհված: Զոհված զինծառայողների ընտանիքներն այսօր 30 հազար դրամ պարգևավճար են ստանում»,- ասաց նա:
Մանուշակ Ստեփանյանի խոսքով, ապրիլի 2-ին՝ քառօրյա պօատերազմի տարելիցի օրը, հերոսներից շատերի ընտանիքներն անտարբերության մատնվեցին, իշխանություններն այցելեցին միայն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, սա քիչ էր, երեկոյան էլ հրավառություն կազմակերպվեց:
ՀԿ-ի հիմնադիրը կրկին ընդգծեց, որ այսօր մոռացված հերոսներ պետք է չլինեն:




























