Ամբողջ աշխարհում աղբի կուտակումը ոչ միայն տագնապ է հարուցում, այլեւ լուրջ էկոլոգիական խնդիր է, որն անհապաղ լուծում է պահանջում: Դա մեծ մասամբ վերաբերում է խոշոր քաղաքներին, որտեղ ամեն տարի միլիոնավոր խորանարդ մետր տարատեսակ աղբ է կուտակվում:

Կենցաղային աղբի խնդիրը չի շրջանցել նաեւ Հայաստանին: Բազմաթիվ աղբյուսներ, դեն նետված ոչ պիտանի իրերի կուտակներ, լեփ-լեցուն աղբամաններ՝ հաճախ  որտեղ ասես տեղադրված. մեր երկրի բնակիչները համանման պատկերներին վաղուց են ծանոթ, որոնք, թվում է, դարձել են բնապատկերի անբաժանելի բաղկացուցիչը:

«Վայրի» աղբյուսներից քամին դեսուդեն է քշում պոլիէթիլենային փաթեթները, պլաստմասե շշերը եւ թուղթը, իսկ ժամանակին չկատարված աղբահանությունը եւ կոնտեյներների մշտապես բաց կափարիչները ոչ միայն աչք շոյող չեն, այլեւ սարսափելի գարշահոտության տարածման պատճառ են դառնում, որն առաջանում է աղբի նեխման հետեւանքով:  

Մենք՝ ժամանակակից եւ մտածող մարդիկ, պետք է ապրենք մաքուր եւ անվտանգ երկրում, կարծում է Երեւանի բնակիչների խումբը եւ կոչ անում միավորվել քաղաքը, որտեղ բնակվում ենք, ավելի մաքուր դարձնելու համար: Այս նպատակով ակտիվ եւ ոչ անտարբեր երեւանցիները ծրագրել են ապրիլի 29-ին համահայկական շաբաթօրյակ անցկացնել: Միջոցառման նախաձեռնողները Facebook-ում «Դուրս արի բակ» իվենտ են ստեղծել եւ իրենց գրառումները #killzibil հեշթեգով կատարելով՝ բոլոր ցանկացողներին հրավիրում են միանալ աղբահավաքությանը:

Միջոցառման շրջանակներում Երեւանում կկազմակերպվեն աղբի 10 կետեր: Բոլորը, ովքեր կգան օգնելու, ձեռնոցներ, անհրաժեշտ գործիքներ եւ աղբը հավաքելու համար պարկեր կստանան: Միջոցառման ավարտից հետո մասնակիցներին գործվածքից փաթեթներ կնվիրեն ընդգծելու համար պլաստիկից աստիճանաբար հրաժարվելու կարեւորությունը:

Շաբաթօրյակի նախաձեռնողներից Հայկ Զալիբեկյանը նշում է, որ գլխավոր նպատակը մարդկանց տնից դուրս գալուն դրդելն է եւ իրենց բակն ու փողոցը մաքրելը: Նրա խոսքով՝ կարեւոր չէ, թե ով է աղբը նետել աղբամանի կողքին, գետի մեջ կամ գետնի վրա: Դա անողը հավանաբար չի էլ նկատում իր արածը: Բայց մենք բոլորս ամեն օր դրա մեջ ենք ապրում, հավելում է նա, իսկ աղբից ազատվելու միայն մի միջոց կա՝ այն սեփական ձեռքերով հավաքելը:

«Հաճախ եմ լսում հետեւյալ արտահայտությունը՝ «թող քաղաքային իշխանությունները հավաքեն»: Ռուս հայտնի դիզայներ Արտեմի Լեբեդեւը ինչ-որ առիթով շատ հաջող է ասել՝ «Քեզ ինչպե՞ս մոտիվացնես ինչ-որ բան անելու համար: Դե, ոչ մի կերպ: Մնացեք հետույքում»: Փոքր-ինչ կոպիտ է, բայց այն ընդհանուր առմամբ մեզ էլ է համապատասխանում: Կարելի է հավերժորեն շարունակել ապրել ոչխարի պես, այս բառի ուղղակի իմաստով: Եթե իշխանությունները, կոմունալ ծառայությունները ընդունակ լինեին կամ կարողանային, վաղուց այս ամենը կհավաքեին»,- Facebook-ի իր էջում գրել է Զալիբեկյանը:

Միջոցառման նկատմամբ հետաքրքրություն են արտահայտել EY-ը (Ernst and Young), Կոկա Կոլա Բոթլերս Հայաստանը, կրեատիվ տեխնոլոգիաների ԹՈւՄՈ կենտրոնը եւ այլն: Դրանից զատ, Teach for Armenia ծրագրի ուսուցիչները, որոնք դասավանդում են Հայաստանի 40 համայնքներում, դպրոցներում հատուկ դասեր կանցկացնեն եւ տեղերում մինի շաբաթօրյակներ կկազմակերպեն: 

Շաբաթօրյակի նախաձեռնողները մտադիր են նաեւ հատուկ հոլովակ թողարկել՝ նվիրված աղբի խնդրին եւ այն տարածել համացանցում: