Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է լատիներեն այբուբենի նախատիպը մշակել ղազախերենի համար մինչ 2017-ի ավարտը։ Այս մասին Tengrinews.kz-ի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Երլան Կարինը։

«Իր հոդվածում նախագահը նորից խոսում է լատինատառին անցնելու գաղափարի մասին, սակայն արդեն հստակ ծրագիր է առաջարկում այդ գաղափարի իրականացման համար։ Մասնավորապես խոսվում է մինչ այս տարվա վերջ մշակել այբուբենի նախագիծը՝ գիտնականների, բանասերների, լեզվաբանների, տարբեր պրոֆիլների փորձագետների հետ քննարկման արդյունքում։ Եւ արդեն հաջորդ տարուց սկսել ուսումնա-մեթոդական նյութերի ու մասնագետների նախապատրաստությունը», - հստակեցրել է Երլան Կարինը։

Նրա խոսքով՝ այս անգամ նախագահը հստակ ծրագիր է հնչեցնում եւ նույնիսկ ժամկետները որոշում։ Ըստ Կարինի՝ լատինատառի անցնելը ոչ միայն այբուբենի փոփոխություն է, այլեւ Ղազախստանի համար քաղաքակիրթ ընտրություն, ինչը հաստատում է բաց աշխարհի մաս լինելու նրա ձգտումը։