Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման դեմ ԱՄՆ կոալիցիայի գործողությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում թմրավաճառության աճի պատճառ են դարձել։ Այս մասին «Միր» հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը։

«Ինչու՞ է թմրանյութերի շրջանառութունն աճել, ինչու՞ են աճել Աֆղանստանից եւ այլ երկրներից թմրանյութերի մատակարարումները։ Ինչու՞ էր «Թալիբան»-ը պայքարում կակաչ տնկելու, թմրանյութեր աճեցնելու դեմ, իսկ երբ նրանց փոխարեն եկավ կոալիցիան՝ ամերիկացիների գլխավորությամբ, նրանց համար միեւնույն էր», - հայտարարել է Աթամբաեւը։

Նա ընդգծել է, որ արդյունքում օփիումի կակաչի ցանքատարածությունները, ամենայն հավանականությամբ, մի քանի անգամ աճել են։  «Դրա համար մենք պետք է երախտապարտ լինենք նրանց, ովքեր սկսել են Աֆղանստանում կարգուկանոն հաստատել», ասել է Աթամբեւը՝ հավելելով, թե հույս ունի, որ  դա չի արվել առանց հետին մտքի՝ «չնայած ամեն ինչ մարդու մտքով կարող է անցնել»։