«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին դատի տված տնօրենները ուղղորդված են ՀՀԿ-ի կողմից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների ներկայացրած պահանջներին:

Նրա խոսքով, Դանիել Իոաննիսյանը փաստ է ներկայացրել, որի մասին իրենք տարիներ շարունակ խոսել են, բայց չեն կարողացել ապացուցել. «Սելը չի ճռում, սելվորն է ճռում: Չեմ կարող մեղմ բառ գտնել, որ ասեմ՝ ինչ է սա: Իրենք լուռ պիտի մնային ու չպիտի ընդհանրապես խոսեին: Ես մեր գործավարին խնդրել եմ հանել 30 հոգու անունները եւ գիտեմ թե ինչ քայլեր պիտի անեմ նրանց դիմակները պատռելու համար»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների պնդումներին, որ ուսուցիչները ՀՀԿ-ի օգտին ցուցակագրումները եւ դրանք քաղաքապետարաններ ու մազրպետարաններ ներկայացրելն իրականացրել են ոչ աշխատանքային ժամերին, Անահիտ Բախշյանն ասաց, որ նախ ինքը համոզված է, դա տեղի է ունեցել աշխատանքի ժամին, բայց նույնիսկ եթե դա կատարել են ոչ աշխատանքային ժամերին, միեւնույն է, օրենքի խախտում է. «Օրենքով արգելված է քաղաքական քարոզչությունը, ուզում ես մինչեւ ժամը 18:00-ն արա, ուզում ես՝ հետո»:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն է տնօրեններին դրդել է, որ դատի տան. «Ասել է՝ ես ձեր թիկունքում կանգնած եմ, դատի տվեք, միայն թե Դանիելին պատժենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:

Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի: