«Գյուրջիեւ» համույթն իր ապրիլյան շրջագայությունների ընթացքում կբարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին:

2015 թվականի հոկտեմբերին, գերմանական հանրահայտ «ECM records»-ի կողմից հրատարակվեց «Գյուրջիեւ» համույթի «Կոմիտաս» ձայնասկավառակը՝ Լեւոն էսկենյանի գործիքավորմամբ, որին անդրադարձել են աշխարհի լավագույն, առաջատար լրատվամիջոցները:

«Songlines Award»ը այն ընդգրկել է 2016 թվականի 10 լավագույն ձայնասկավառակների շարքում, իսկ ձայնասկավառակի ստեղծագործությունները հնչում են «British Airways» ավիաընկերության ինքնաթիռներում:

Ձայնասկավառակի թողարկումից հետո, համույթն աշխարհի տարբեր երկրների  հեղինակավոր փառատոներին մասնակցելու հրավերներ է ստացել:

Ապրիլին «Գյուրջիեւ»համույթ-ը համերգային շրջագայության է մեկնելու եվրոպական երեք երկիր: Մեկնարկը տրվելու է ապրիլի 14-ին՝ Ավստրիայի Կրեմս քաղաքում, որտեղ հնչեցնելու են հայ հոգեւոր երաժշտություն, կատարելու են Կոմիտասի եւ Գեորգի Գյուրջիեւի ստեղծագործությունները: Այնուհետեւ համույթը մեկնելու է Հունաստան՝ Սմիրնիի քաղաքապետարանի հրավերով ելույթ ունենալու «Պառնասոս» համերգասրահում: Ապրիլի 19-ին Աթենքում կայանալիք համերգը, որի ընթացքում հնչելու է միայն Կոմիտաս, նվիրված է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:Իսկ ապրիլի 22-ին Մոցարտի հայրենիք Զալցբուրգ քաղաքում, դարձյալ Կոմիտաս են հնչեցնելու։

Վերջին կանգառը կլինի  Դանիան, ուր  ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Դանիայում ՀՀ դեսպանատան եւ «Global Music» հայտնի համերգային կազմակերպության համագործակցությամբ՝ Կոպենհագենում դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի եւ Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգ է տեղի ունենալու:

«Մարիա Յակոբսնը Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել: Խորապես ազդվելով եւ այդ ահասարսուռ դեպքերի ականատեսը լինելով՝ նա իր հետագա կյանքը նվիրել է հայ որբ մանուկների խնամքին՝ այդ նպատակով Լիբանանում  հիմնելով «Թռչնոց բույն» մանկատունը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող համերգային շրջագայությունը հենց ապրիլին է լինելու, քանի որ մեկ անգամ եւս համույթը հնարավորություն է  ունենալու երաժշտության միջոցով հնչեցնելու Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման պահանջը:

«Գուրջիեւ» համույթը  համերգներով շրջագայել եւ ելույթներ է ունեցել մի շարք հայտնի համերգասրահներում, մասնակցել է միջազգային հայտնի փառատոների Լիբանանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ավստրալիայում, Ավստրիայում ինչպես նաեւ` Հայաստանում: