2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբերի ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում եւ համայնքներում ձեւավորվել է ներդրումային ծրագրերի մշակման եւ ներկայացման գործընթացը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացվել են թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման,  գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ  140 ներդրումային ծրագրերի հայտեր: 

Առավել իրատեսական  11 ծրագրեր 2017 թ փետրվարի 21-ին ներդրողների մասնակցությամբ քննարկվել  էին ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանի  մոտ: Քննարկումների արդյունքներով տրված հանձնարարականների համաձայն արդեն իսկ 2 ծրագիր ֆինանսավորվել են, իսկ մյուս 9 ծրագրի մասով ընթանում են ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների աջակցության գործընթացները:

Մասնավորապես,  Լոռու մարզից ստացված  «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվող 35,0 մլն ՀՀ դրամ գումարից 14.03.2017թ-ին տրամադրվել է վարկի  1-ին փուլը՝ 20,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով` տարեկան 12% տոկոսադրույքով: Վարկի առաջին փուլի ծախսման հիմնավորումները ներկայացնելուց եւ մոնիթորինգ իրականացնելուց հետո կտրամադրվի վարկի 2-րդ փուլը` 15,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով:  ՀՀ Տավուշի մարզից էլ ստացված «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով ակնկալվող 10,0 մլն դրամ վարկային միջոցները տրամադրվել են  տարեկան 10% տոկոսադրույքով` 14.03.2017թ-ին կնքված պայմանագրի հիման վրա:

Միաժամանակ,  Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից եւ մշակումից  պատրաստվող  իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից 2017 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակում նախատեսվում է 5,0 մլն ՀՀ դրամը տարեկան 4% տոկոսադրույքով տրամադրել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի 

«Սիրիահայերի աջակցության ծրագրի» շրջանակներում, իսկ 10 մլն ՀՀ դրամը` «ՓՄՁ ներդրումներ»  Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ  վարկավորման հաշվին` տարեկան 11% տոկոսադրույքով:

Արագածոտնի մարզի ««Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնում եւ զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում» ներդրումային ծրագրով ակնկալվող 300,0 մլն ՀՀ դրամը նախատեսվում է տրամադրել տարեկան 12% տոկոսադրույքով եւ 3% սուբսիդավորմամբ (վարկի առաջին 2 տարվա համար):  Նույն մարզում  «Էկոտուրիզմի եւ հանգստյան գոտու հիմնում` «Էկոմյունիթի» ծրագրի իրագործման նպատակով` ներկայումս ընթանում են էկոթաղամասի համար նախատեսված 4,0 հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակության փոփոխության գործընթացները:

Շիրակի մարզի  «Բասեն հյուրանոցային համալիրի, առեւտրի կենտրոնի կառուցում եւ հանրային սննդի կազմակերպում» ծրագրի իրագործման նպատակով էլ  ներկայումս ընթանում են «Բասենի Գովք» ՍՊԸ-ին անհատույց սեփականության իրավունքով Գյումրի քաղաքի նախկին Շիրակ հյուրանոցի շինության եւ հողամասի  նվիրատվության գործընթացները:

Մնացած  5 ներդրումային ծրագրերի մասով ընթանում են դրանց ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների աջակցության ուսումնասիրության  գործընթացները: