2017-ին ԱՄՀ-ը ակնկալում է Հայաստանի տնտեսության գրեթե 3 տոկոսանոց աճ։ Այս մասին ապրիլի 12-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հանրապետությունում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին։
Բացի ամենայնից, դրան կօգնի նաեւ տնտեսության վերականգնումը Ռուսաստանում, որը Հայաստան դրամական փոխանցումների հիմնական աղբյուրն է։ Վերջին 2 տարիներին այդ փոխանցումների հոսքը նվազել է, բայց 2016-ի արդյունքներով այնուամենայնիվ կազմել է մոտ 656 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 6 տոկոսից քիչ ավելին։ Բացի դրանից Ռուսաստանը պատրաստի հայկական արտադրանքի՝ հիմնականում կոնյակի ո ւ գյուղարտադրանքի հիմնական գնորդն է։ Մեկ այլ դրական գործոն է պղնձի գների աճը (պղնձի խտանյութը Հայաստանի արտահանման ծավալով խոշորագույն հոդվածն է , իսկ հումքային պղինձը մտնում է արտահանման տասնյակում)։
Աճը զսպվելու է ավելի խիստ բյուջետային քաղաքականությամբ, քանի որ նախորդ 2 տարիներին Կառավարությունը ռեսուրսներ է ծախսել տնտեսությանն աջակցելու համար, արտաքին անբարենպաստ միջավայրին հակազդելու համար։ Դա կայուն է պահել ներքին պահանջարկը, սակայն 2016-ին այն այնուամենայնիվ նվազել է։ Արդյունքում տնտեսական աճը ընդամենը 2 տոկոս է կազմել։
Թույլ պահանջարկը հանգեցրել է ցածր գնաճի ու պետական եկամուտների թերհավաքման՝ գրեթե 80 մլրդ դրամով կամ էլ ծրագրվածի 7 տոկոսի չափով։
Միաժամանակ կապիտալ ծախսերը ծրագրվածից բարձր են եղել այդ նույն նպատակով՝ տնտեսության կարճաժամկետ աջակցության համար։ Արդյունքում ՀՆԱ-ի հանդեպ պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 5․6 տոկոս՝ 2015-ի 4․8 տոկոսի համեմատ։ Դրա համար էլ 2017-ին Ֆիննախը ավելի պահպանողական կլինի վարկերի հարցում, որպեսզի դեֆիցիտը նվազեցնի մինչեւ 2․8 տոկոս։
Երկրի իշխանությունները հույս ունեն բարձրացնել նաեւ հարկերի ու մաքսատուրքերի հավաքը, այդ թվում ավելի կոշտ հարկային ու մաքսային վարչարարության հաշվին։ Արդյունքում 2017-ի առաջին եռամսյակում եկամուտները ՀՆԱ 0․3 տոկոսի չափով գերազանցել են ակնկալվող ցուցանիշը։



























