Հայաստանը հնարավորություն ունի մի քիչ էլ ավելացնել Կառավարության արտաքին պարտքը։ Այս մասին ապրիլի 12-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին։

Նա հիշեցրել է, որ 2017-ի առաջին եռամսյակում կառավարությունը ՀՆԱ-ի 0․2-0․3 տոկոսի չափով շատ հարկ ու մաքսատուրք է հավաքել, քան ծրագրված էր։ Եթե այդ միտումը պահպանվի ամբողջ տարին, ապա պետական եկամուտների աճը կկազմի ՀՆԱ-ի 1 տոկոսից ավելին։

Դա կարող է տեղի ունենալ ԵՏՄ մաքսային հավաքներից փոխանցումների հաշվին, իսկ երկրի ներսում՝ ստվերային տնտեսությունից հավաքված հարկերի շնորհիվ։ Հետեւաբար պետական պարտքի մակարդակը կրիտիկական չէ, չնայած գերազանցել է ՀՆԱ-ի 50 տոկոսը ու 2017-ի արդյունքներով կկազմի 6․34 մլրդ դոլար։

Հայաստանի օրենդրությամբ, եթե Կառավարության արտաքին պարտքը անցնի ՀՆԱ-ի 50 տոկոսը, Կառավարությունը պետք է կտրուկ կրճատի բյուջեի դեֆիցիտը՝ այսինքն կրճատի ծախսերն ու պարտքերը։ Բայց պետք է հաշվ ի առնել , որ պարտքի զգալի մասը վերցված է արտոնյալ պայմաններով, դրա համար էլ դրանից ավելի քիչ տոկոսադրույք է պետք վճարել, քան եթե պարտքը վերցված լիներ շուկայական պայմաններով։ Եթե պարտային ծանրաբեռնվածությունը այդ հաշվարկով դիտարկվի՝ ապա այն կարող է կազմել ՀՆԱ-ի 40 տոկոսի չափով, նկատել է ԱՄՀ –ի ներկայացուցիչը։

Դրա համար էլ Կառավարությունը դիտարկում է դեկտեմբերյան ծրագրերի համեմատ կապիտալ ծախսերն ավելացնելու հնարավորությունը, հավելել է նա։

Հնարավոր ռիսկերի դեպքում Ֆիննախը կկիրառի ապահովագրական միջոցառումներ՝ կրճատելով երկրորդական ընթացիկ ծախսերը։

«Մենք ողջունում ենք Կառավարության քննարկումները այն մասին, թե ինչպես կարելի է պետական պարտքն ավելի ճկուն դարձնել։ Իհարկե մենք կոչ չենք անում ավելի շատ պարտք վերցնել, քան հնարավոր է վերադարձնել։ Ավելի շուտ, քաղաքականությունը պետք  է երկկողմանի լինի՝ եւ  աջակցի տնտեսության աճը, եւ  ապահովի պարտքի կայունությունը»,- նշել է նա։