Անվտանգության եւս երկու սպաներ են հեռացվել աշխատանքից՝ United Airlines ավիաընկերության օդանավում օվերբուքինգի (երբ նստատեղերի քանակից ավելի շատ տոմս է վաճառվում) հետ կապված ուղեւորի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, հաղորդում է CNN-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյից Լուիսվիլ թռչող օդանավում: Երեք ուղեւորի խնդրել են ազատել տեղերը՝ օվերբուքինգի հետ կապված: Բժիշկ Դեյվիդ Դաոն հրաժարվել է կատարել հրահանգը, որից հետո անվտանգության աշխատակիցները նրան ուժով դուրս են հանել օդանավից՝ վնասվածք պատճառելով: Հազարավոր մարդիկ սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն են հայտնել Դաոյին եւ բողոք հայտնել ավիաընկերության աշխատակիցների կողմից խնդիրն այդ կերպ լուծելու առնչությամբ:

Ներկայումս միջադեպի պատճառով Չիկագոյի ավիացիայի դեպարտամենտի երեք սպա է հեռացվել:

Ավելի վաղ United Airlines-ը հայտարարել էր, որ «3411 չվերթի բոլոր ուղեւորները տոմսի արժեքի չափով փոխհատուցում կստանան»: