Ահազանգը, թե Հայաստանում Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով ճեղք է առաջացել, կեղծ է եղել: Այսօր՝ ապրիլի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենի օգնական Լուսինե Թեւոսյանը:
«Ուղղակի պանելների արանքում ճաք է նկատվել, վստահ լինելու համար, որ ամեն ինչ նորմալ է, դրա համար փրկարարներ են կանչվել»,-ասաց նա:
Լուսինե Թեւոսյանի խոսքով, այս պահին դպրոցում դասերը բնական հունով ընթանում են,ամեն ինչ կարգին է. «Աշակերտներին եւ աշխատակիցներին տարհանել են, որպեսզի վստահ լինեն, որ ամեն ինչ կարգին է, դա ընդամենը շինարարական ճաք է եղել»:
Ավելի վաղ NEWS.am-ը Հայաստանի ԱԻՆ-ից տեղեկացել էր, որ ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք, դպրոցից տարհանվել է 170 աշակերտ, 30 մանկավարժ եւ 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից:




























