Իտալիայի Բոլոնիա քաղաքում օրերս հերթական անգամ անցկացվել է մանկապատանեկան գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ Հայաստանը մասնակցում էր առանձին տաղավարով:

ՀՀ մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում էին` «Զանգակ-97», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «Բուկինիստ» գրախանութը, «GSM» ստուդիան, Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:

Հայկական տաղավարում ներկայացված էր վերջին երկու տարիների ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ հրատարակչությունների մասնավոր նախաձեռնություններով լույսընծայված մանկապատանեկան շուրջ 200 գիրք:

Մանկապատանեկան գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում, ապրիլի 4-ին Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի՝ IBBY-ի տաղավարում տեղի է ունեցել «IBBY Հայաստան» ազգային կոմիտեի հրատարակած «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն տարբերակի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում գրքի ստեղծման մանրամասները ներկայացրել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Ժողովածուում ներառված «Վասիլը» պատմվածքի մասին խոսել եւ ներկաների հարցերին է պատասխանել ստեղծագործության հեղինակ Ալլա Սերոբյանը: Նա նշել է, որ «Վասիլը» պատմվածքը ստեղծվել է Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /IBBY/ եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի համագործակցության արդյունքում, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին` IBBY-ի գլխավոր տնօրեն Լիզ Փեյջին եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին` հրաշալի նախագծի իրականացման համար: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է նաեւ «IBBY Հայաստանի» գործունեության մասին պատմող հոլովակ:

Ի դեպ, IBBY-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն անդամակցում է 2012 թվականից, եւ արդեն 5 տարի Հայաստանում գործունեություն է ծավալում «IBBY Հայաստան» ազգային կոմիտեն: Միջազգային հեղինակավոր այս կազմակերպության հետ համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից է նաեւ «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» ծրագիրը: Եռամյա ծրագրի շրջանակում ոլորտում հայտնի եվրոպացի հայտնի մասնագետներն անցկացրել են վարպետության դասեր գրողների, նկարազարդողների եւ թարգմանիչների համար, ինչի արդյունքում հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակվել է «7 գույն» պատմվածքների ժողովածուն:

«IBBY Հայաստանը» մանկագիրների Անդերսենի անվան մրցանակի այս տարի ներկայացրել է Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը: 77 երկրի ներկայացուցիչներից մրցանակային փուլ անցել են 33 գրող, այդ թվում՝ Է. Միլիտոնյանը: Հաղթողները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն՝ IBBY-ին, որին անդամակցում է շուրջ 77 երկիր, Անդերսենի անվան մրցանակ է շնորհում աշխարհի լավագույն մանկագիրներին եւ նկարազարդողներին: Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակը գրականության ասպարեզում զգալի ներդրումների համար տրվում է երկու տարին մեկ անգամ: Այն մանկագիրների եւ նկարազարդողների համար միջազգային ամենահեղինակավոր մրցանակն է: