Եթե Կորեական թերակղզում պատերազմ բռնկվի, հաղթողներ չեն լինի։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Չինաստանը շահագրգիռ կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած սադրիչ ու սպառնալից արտահայտություններից ու գործողություններից ու խուսափել այն պահից, երբ Կորեական թերակղզում իրավիճակը կարող է անշրջելի դառնալ, հայտնել է Վան Ին։ Նրա խոսքով, վերջերս դիտակվում է լարվածության աճ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Հյուսիսային Կորեայի միջեւ։ «Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք ու զգոնություն պահպանենք տվյալ իրավիճակի կապակցությամբ»,- ասել է դիվանագետը։ Չինաստանը դեմ է ցանկացած արտահայտությունների ու գործողությունների, որոնք կարող են սրել իրավիճակը։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երկխոսությունը միակ ելքն է, հայտնել է Չինաստանի արտգործնախարարը։ Ինչ վերաբերում է Կորեական թերակղզու խնդրին, ապա հաղթող կդառնա ոչ նա, ով հանդես կգա ավելի կոշտ արտահայտություններով, կամ մեծ բռնունցք կթափահարի, ասել է Վան Ին։




























