Սննդի վերամշակման եւ անվտանգության խորհրդատու Քլիֆ Վենրը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դահլիճում Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերից ժամանած 5 ՓՄՁ ներկայացուցիչների համար անցկացրեց սննդի վերամշակման, արտադրության անվտանգության միջազգային ստանդարտների (HACCP) հատուկ դասընթաց:
Ամերիկացի մասնագետի պրակտիկ օրինակների միջոցով պանրի, չրի եւ մսամթերքի արտադրությամբ զբաղվող մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչները ծանոթացան, թե որքան կարեւոր է արտադրության մեջ մաքրության եւ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը: Վենրն արտադրողներին ներկայացրեց սննդի անվտանգության միջազգային նորմերը եւ կանոնները:
«Արտասահման արտահանելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության միջազգային կանոնները: Դուք արտադրում եք մարդկանց համար եւ պետք է վստահ լինեք, որ ձեր արտադրանքը վնաս չի հասցնի սպառողի առողջությանը»,- ասաց փորձագետը:
Դասընթացին նախորդող 4 օրերին Քլիֆ Վենրն այցելել է մասնակից ձեռնարկությունների արտադրամասեր, որտեղ նաեւ կատարել է ուսումնասիրություն եւ տեղում մատուցել գործնական խորհրդատվություն: Դասընթացի ընթացքում Քլիֆ Վենրը ներկայացրեց իր դիտարկումները` յուրաքանչյուր արտադրողի համար եւ փոխանցեց սննդի անվտանգությանը վերաբերող իր հանձնարարականները:
Դասընթացի մասնակիցների հետ հանդիպեց եւ սննդի անվտանգության ապահովման համար նախատեսված մաքրող եւ ախտահանող միջոցները ներկայացրեց նաեւ Սոֆադ ընկերության ներկայացուցիչը:
Քլիֆ Վենրը Հայաստան է ժամանել «Ֆերմերից` ֆերմերին» ("Farmer-to-Farmer" (FtF)) ծրագրի աջակցությամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ նրա գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի՝ ոլորտային աջակցության բաղադրիչի շրջանակում: Ծրագրի առաջնահերթություններից մեկն է նպաստել չրերի, պանրի, գինու արտադրության եւ ջերմոցային տնտեսությունների զարգացմանը Հայաստանում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























