WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ-ի փաստաթղթերն այն լրտեսության մասին, որն ամերիկյան հետախուզությունը իրականացրել է 2012-ին Ֆրանսիայի նախագահի թեկնածուների նկատմամբ։ WikiLeaks-ը այդ նյութերը հրապարակել է իր կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գաղտնազերծված փաստաթղթերից հետեւում է, որ ԿՀՎ-ն լրտեսել է բոլոր առաջատար քաղաքական գործիչներին, որոնք առաջադրվել էին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ Նրանցից են 2012-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Նիկոլյա Սարկոզին, երկրի գործող նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, աջ քաղաքական գործիչ Մարին Լը Պենը, Սոցիալիստական կուսակցության ականավոր գործիչներ Դոմինիկ Սթրոս- Կանն ու Մարտին Օբրին, որոնք քարոզչության սկզբնական փուլում հավակնում էին իրենց թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում ։

ԿՀՎ-ի առանձին փաստաթղթում թվարկված են այն հարցերը, որոնց մասին պետք էր տեղեկություններ հավաքել Սարկոզիի մասին։ Դրանցից էին ուժերի հարաբերակցությունը «Միավորումը հանուն հանրապետության» կուսակցության ղեկավարության ներսում, որը այն ժամանակ ղեկավարում էր Սարկոզին, այդ կուսակցության գաղափարախոսության փոփոխությունը։ WikiLeaks -ի իր մեկնաբանության մեջ նշում է, որ ամերիկամետ դիրքորոշումը, որը հռչակել ու զբաղեցնում էր Սարկոզին, նրան չէր պաշտպանել ԿՀՎ-ի լրտեսումից։

2012 թվականի մեկ այլ փաստաթղթում ԱՄՆ հետախուզությունը որոշում է տեղեկություններ հավաքել ընդդիմադիր թեկնածուների մասին։ Հետախուզությանը հետաքրքրող տեղեկություններից էին այդ թեկնածուների հարաբերությունները վարչական ու բիզնես վերնախավի հետ, նրանց հայացքները ԱՄՆ քաղաքականության մասին, այլ պետությունների՝ օրինակ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լիբիայի, Իսրայելի, Պաղեստինի, Սիրիայի, Կոտ դ՝Իվուարի հետ կապեր հաստատելու նրանց փորձերը։ Ամերիկյան հետախուզությանը հետաքրքրում էր նաեւ կուսակցությունների ու թեկնածուների ֆինանսավորման հարցը։