Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը ծառերը ոչ թե կտրել, այլ խորը էտում է արել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի  պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ ծառերը պատկանել են իր պաշտպանյալին եւ նա ոչ մի հանցանք չի կատարել, որի համար նրան մեղադրանք են առաջադրել, իսկ դատարանը նրան կալանավորելու որոշում  կայացրել:

«Իր տարածքն է եղել, իր ծառերը, մշակել է, տարածքը գեղեցկացրել է: Պաշտպանյալս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որովհետեւ նա ոչ թե ծառերը հատել, այլ խորը էտում է արել: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ ծառերը վնասված չեն, ընդամենն էտում է»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը որոշում է կայացրել Ալեքսան Սամսոնյանին կալանավորելու վերաբերյալ:

Պաշտպանի խոսքով, արարքն ուռճացվել է, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոչ թե ՔՕ-ի 296-րդ հոդվածի 1-ին մասով, այլ 3-րդ, այն է՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: