Հայաստանի ՊՆ N զորամասից հրամանատարի մասնակցությամբ ավելի քան 1 մլն դրամի դիզվառելիք հափշտակելու աղմակահարույց գործով առաջին դատական չի կայացել: NEWS.am-ը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ նիստը հետաձգվել է դատավորի վատառողջ լինելու պատճառով:

Նշենք, որ այս գործը դատարան է ուղարկվել մարտի 20-ին, ամբաստանյալներն իրենց ընդունված մեղադրանքներն ընդունում են:

Ըստ մեղադրական եզրակացության՝ N զորամասի հրամանատար Մխիթար Ալեքսանյանը 2016թ-ի ապրիլից մինչեւ օգոստոս նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար դրամի 3 հազար 8 հարյուր 40 լիտր դիզելային վառելիք: Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն՝ զորամասի հրամանատարն Աշոտ Յայլոյանի հետ մի քանի անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված մեքենայի ավտոցիստեռնը: Այնուհետեւ արդեն հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրիում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ արդեն կազմակերպվել է հափշտակված վառելիքի վաճառքը:

Մխիթար Ալեքսանյանին այդ հարցում օգնել են նաեւ Ռուդիկ Կարապետյանն ու Լեռնիկ Վարդանյանը:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, զորամասի պահեստարանի պետ Ա.Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  2-րդ, 3-րդ կետերով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին եւ իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով։

Հետաքրքիր է, որ այս գործով ոչ ոք կալանքի տակ չէ: Ալեքսանյանն ու Յայլոյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Գալստյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: