Երեխաների կրթության իրավունքը ստորադասվել է սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշի կամայականությանը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության մասնագետ Անահիտ Բախշյանը:
Հայտարարությունում ասվում է.
Հարգելի Վարդան Սրմաքեշ, Շվեյցարիայում Ձեր մտքով կանցնի՞ տեքստիլ գործարանի համար դպրոցի շենք սեփականաշնորհել:
Արթիկի քաղաքապետ, հանրապետական Մխիթար Վարագյանը Արթիկի թիվ 4 դպրոցի միավորումը այլ կրթական հաստատությանը եւ շենքը սփյուռքահայ ներդրողին հանձնելը դիտարկում է մարզի հնգամյա զարգացման ծրագրերի տիրույթում:
Այս երեւույթը շատ վտանգավոր նախադեպ է, որովհետեւ սփյուռքահայ ներդրողներին հրապուրելու համար ՀՀ վարչապետն ու մարզպետերը, հաճախ շրջանցելով հայաստանցիներիս շահերը, ջանք ու եռանդ չեն խնայում, ինչպես արվում է հանքարդյունաբերության ոլորտում: Բացի իրենց դղյակներից մասնավորապես պատրաստ են վաճառել դպրոցների բոլոր այն շենքերը, որտեղ աշակերտները սակավաթիվ են ու, անունը դնելով «օպտիմալացում», վաճառում են: Արդյոք այս գործընթացն իրականացնելու համար նախապես ուսումնասիրվում են բազմաթիվ հանգամանքներ, թե որ դպրոցը որին միացնեն, որ հնարավորինս ճիշտ լինի, որի տարածքային հզորությունն է թույլ տալիս, որինը՝ ոչ, որի վիճակն է ավելի բարվոք, որի աշխարհագրական դիրքն է ավելի նպատակահարմար տվյալ համայնքի համար: Ի՞նչ կինի աշխատանքը կորցրած մանկավարժների վիճակը, քանի՞ մարդ դուրս կմնա, ի՞նչ կլինի նրանց հետագա ճակատագիրը:
Քանի դեռ Հայաստանի ողջ տարածքի մասին նման ուսումնասիրություն չկա, իսկ լինելուց հետո այդ նախագծերը համայնքներում հանրային քննարկման չեն դրվում ու դրանք օրենքով սահմանված ձեւով հանրաքվեով հավանության չեն արժանանում բնակիչների կողմից, անթույլատրելի է որեւէ քայլ ձեռնարկելը՝ որքան էլ սփյուռքահայ գործարարին այն դուր չգա: Իրենց երկրներում նրանք հաստատ չէին կարող շրջանցել այս հարցերը:
«Տեղական ինքնակառավարման մասին օրենք»-ի 11-րդ հոդվածում ամրագրված է.
Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը
1.Սույն օրենքի իմաստով՝ համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։
Օրենքում գրված է՝ առանց խտրականության կարող են ուղղակի ներգործություն ունենալ, այսինքն՝ համայնքին վերաբերող ցանկացած հարց պետք է ներկայացվի համայնքի բնակչությանն ու հանրաքվեի միջոցով համաձայնեցվի նրանց հետ: Վերջերս լսում էի պարոն Վաչե Տերտերյանի հետ հարցազրուց, որտեղ նա պատմում էր տեղական ինքնակառավարման հենց Շվեյցարիայի օրինակի մասին եւ ասում էր, որ ամեն կիրակի կանդոններում որեւէ փոփոխություն անելու մասին այնտեղ կարող է մի քանի տեղական հանրաքվե անցկացվել ու մինչեւ բնակիչների «այո»-ն չստանան, որեւէ փոփոխություն չեն կարող իրականացնել:
Հիմա գանք Արթիկի թիվ 4 դպրոցին, որտեղ հաստատ նման քննարկում չի եղել, ուսուցիչներն ու ծնողները կողմնակի անձանցից են լսել իրենց դպրոցի շենքը վաճառելու վերաբերյալ խոսակցությունները: Ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը, օրենքի պահանջին հակառակ, չեն լսել վերոնշյալ դպրոցների մանկավարժական անձնակազմի ու երեխաների կարծիքը, չեն ուսումնասիրել իրեն միավորող դպրոցի աշխարհագրական դիրքը, հարմարավետությունը, ֆիզիկական վիճակը, այսինքն՝ երեխաների կրթության իրավունքը ստորադասվել է սփյուռքահայ գործարարի կամայականությանը, որովհետեւ լրատվությամբ տարածված լուրի համաձայն, որպես նորաստեղծ տեքստիլ գործարանի շենք, Վարդան Սրմաքեշն այդ դպրոցն է հավանել այն դեպքում, երբ նրան առաջարկվել են նման արտադրության նախկին շենքեր:
Սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշի մտքով էլ չէր անցնի տեքստիլ արտադրության համար Շվեյցարիայում դպրոցի շենքը հավանել ու սեփականաշնորհել, իսկ իր հայրենիքում ինչո՞ւ է ոտնահարում Արթիկում ապրող երեխաների եւ մանկավարժների իրավունքները:
Իհարկե լավ է, որ Վարդան Սրմաքեշը Հայաստանում շատ ներդրումներ է անում տարբեր ոլորտներում, շատ բիզնեսներ ունի, բայց մենք չգիտենք, թե որքանով են դրանք արդյունավետ աշխատում կամ երկարատեւ, ու օրինական հիմունքներով քանի՞ աշխատատեղ է նա ստեղծել, որքա՞ն աշխատավարձ է տվել: Արդյո՞ք այդ ներդրումների հետեւանքով էկոլոգիական կամ այլ տեսակի վնասներ չեն հասցվել մեր երկրին:
Տեղյա՞կ է արդյոք Վարդան Սրմաքեշը այս տհաճ պատմությունից եւ արդյոք ծանոթանալով դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների բողոքներին, նա շարունակելո՞ւ է հավանել այդ դպրոցի շենքը, թե՞ այդ շենքի հետ կապված բողոքները հաշվի կառնի եւ կվերանայի իր որոշումը:
Լավ կլինի, որ վերանայի, նամանավանդ, որ կառավարության որոշումը կարծես թե դեռ չկա, հակառակ դեպքում Վարդան Սրմաքեշը կհաստատի հայաստանցիներիս մեջ ձեւավորվող այն տեսակետը, որ որոշ սփյուռքահայ գործարարներ իրենց բիզնեսները հիմնում են Հայաստանում հենց այն պատճառով, որ այստեղ հիմնականում կարեւորվում է բիզնեսմեն-պետական պաշտոնյա շահը, իսկ բնակիչների բերանն էլ փակում են աշխատատեղով ու չնչին աշխատավարձերով, բիզնեսմենի շահույթն էլ ձեռնտու է թե՛ իրեն, թե՛ պետական պաշտոնյային:
Ժողովրդի հերն էլ անիծած:



























