Ի տարբերություն ԵՏՄ մյուս երկրների, որտեղ մաքսային մարմիններում «Մեկ պատուհան» մեխանիզմը ձեւավորվել է առաջին հերթին ի շահ պետության՝ Հայաստանում այն առավելապես կողմնորոշված է բիզնես հանրության պահանջմունքների բավարարմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ պետեկամուտների կոմիտեիում ԵՏՄ երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵՏՀ մաքսային օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Դմիտրի Նեկրասովը: Նրա խոսքով, հայկական կողմի հետ փորձի փոխանակում է նախատեսվում նաեւ հետագայում:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը նկատել է, որ ՀՀ-ում «Մեկ պատուհան» մեխանիզմի ներդրման փորձը պարտավորեցնող է. «Բիզնես-կառավարություն փոխգործակցությունից բացի կապահովվի բիզնես-բիզնես գործընկերության նոր հարթակ: Ֆինանսավորման առկայության դեպքում կոմիտեն նախատեսում է 2017-2020թթ. ընթացքում արտաքին առեւտրում ներգրավված պետություն-մասնավոր բոլոր հարաբերությունները կազմակերպել «Մեկ պատուհան» համակարգի միջոցով: Դա կներառի նաեւ պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների եւ լիցենզիաների տրամադրումը, մաքսային ձեւակերպումները, էլեկտրոնային վճարումները, այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումը»:

Իր հերթին, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշել է, որ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել ԵՏՄ շրջանակում գործարկման համար մշակվող մոդելի համար:

Նիստի մասնակիցներն այցելել են ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» արդիականացված անցման կետ՝ ծանոթանալու ՀՀ-ում «Մեկ պատուհան» մեխանիզմի կիրառման պրակտիկային: ԵԱՏՄ անդամ-պետությունների գործընկերները փաստել են, որ համակարգն արդիական է՝ ուղղված տնտեսվարողների գործառնությունների իրականացման դյուրինացմանը: