ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով Արցախի Հանրապետությունում աճեցված եւ «Քարֆուր» սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը, դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»: Արդյունքում պարզվել է, որ Արցախում (Խերխան գյուղում) Real Yummy Bagels ընկերությունը, ըստ տնօրենի՝ Քարոլին Բաղումյանի հայտարարության, փորձնական աճեցրել է բրինձ՝ 28,5 կգ, փաթեթավորել եւ հանձնել այն վաճառքի՝ «Քարֆուր» եւ Սարյան փ. վրա գտնվող «Նոր Զովք» խանութներ:

Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, եւ ՍԱՊԾ-ն ժամանակավորպես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչեւ անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն այն կարճ ժամկետում շտկելու եւ իրացնելու նպատակով:

Նշենք, որ ընկերությունը գրանցված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում: