ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մանրակրկտորեն ստուգել լիազորությունները, որոնք դաշնային կարգավորիչները ստացել են բանկային ու ֆինանսական ոլորտում 2008 թվականի ճգնաժամից հետո, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Թրամը երեք հրաման է ստորագրել` նման կերպ սկսելով իր նախընտրական խոստումներից մեկն իրականացնելու գործընթացը: Նախագահը կարծում է, որ երկրի պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական ճգնաժամից հետո սահմանված կարգավորումը բացասական է ազդում Միացյալ Նահանգների տնտեսության վրա:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը հայտարարել է, որ երկու հրամանները կարող են հանգեցնել Ուոլլ-Սթրիթի բարեփոխումների եւ Դոդդ Ֆրանկի սպառողների մասին օրենքի չեղարկմանը, որն ընդունվել է 2010 թվականին:

Այսպես, հրամաններից մեկը սառեցնում է օրենքի հոդվածներից մեկը, որը թույլ է տալիս դաշնային կառավարությանը վարկեր տալ լուրջ խնդիրներ ունեցող ֆինանսական կառույցներին: Թրամփի վարչակազմը բացատրում է, որ դա ֆինանսիստներին դրդում է ավելորդ ռիսկերի գնա, որի համար պատասխանատվություն են կրում հարկատուները:

Թրամփի մյուս հրամանը նախատեսում է հարկային օրենսդրության ստուգումը, որը, նախագահի խոսքով, ավելորդ ճնշում է գործադրում հարկատուների վրա:

Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է մոտ ապագայում հայտարարել հարկերի ռեկորդային նվազեցման մասին` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար: