Մեկնարկել են «Անվտանգ Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ցուցահանդեսային ընկերությունների միավորում «Բիզոն»» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչեվին եւ «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանին:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին Անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային «Arm-Security» («Անվտանգ Հայաստան») ցուցահանդեսի կազամակերպման եւ անցկացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքները:
Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման եւ դրանց հետեւանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:
Տեխնոլոգիական նորարարական այս լուծումները կնպաստեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների վերահագեցմանը նորագույն տեխնոլոգիական լուծումներով՝ ավելի արդյունավետ եւ դյուրին դարձնելով բնական եւ մարդածին աղետներից բնակչության պաշտպանության եւ դիմակայունության բարձրացման խնդրի իրագործումը:
Ցուցահանդեսը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացնում են՝ «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն, Անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Arm-Security 2017», «Ցուցահանդեսային ընկերությունների միավորում «Բիզոն»» ՓԲԸ-ն:




























