Ցավոք, էրդողանի կառավարման ժամանակաշրջանում Թուրքիան խորացրեց անջրպետը հաշտվելու իր ժողովրդի պատմության հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Թուրքիան խորացրեց ժխտողականությունը, հեռացավ իր հարեւանի հետ հաշտության լեզվով խոսելուց:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ պետք չէ ակնկալել, որ Էրդողանի վարչակարգը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Չեմ կարծում, որ Էրդողանի վարչակարգը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գնալ նման խիզախության եւ առերեւսվել սեփական պատմությանը: Բայց, ի հակառակ դրա եւ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են եւ՛ երկրների, եւ՛ նահանգների, եւ՛ մտավորականների, եւ՛ քաղաքացիների, ու, առհասարակ, դատապարտողների քանակը եւ որակը, եւ ուշ թե շուտ այս Ցեղասպանությունը պետք  է վերջնականապես դատապարտվի, որովհետեւ այլ ճանապարհ չկա»,-ընդգծեց Շարմազանովը: