Էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին հայտնել է, որ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի օգտին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «վախեցնող» շատ քանակության ընտրողներ են քվեարկել, հայտնում է Ֆրանս փրեսը։

«Լը Պենը երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստացել, գուցե նա տոկոսով արտահայտված ավելի քիչ է ստացել, քան ակնկալվում էր, բայց վախեցնում է այն, որ նա այնուամենայնիվ 7․6 մլն ձայն է ստացել»,- ասել է նա լրագրողներին։ «Չափից վաղ է թեթեւացած շունչ քաշելու համար, ընտրությունները դեռ չեն ավարտվել»,- հավելել է Ֆրանսիայի նախկին ֆինանսների նախարարը։

Մոսկովիսին համարում է , որ Լը Պենը չի հաղթի նախագահական ընտրություններում, բայց չի բացառում, որ երկրորդ փուլում նա կարող է մոտ 40 տոկոս ձայն ստանալ։ «Դա ցույց կտա, որ երկիրը պառակտված է»,- նշել է Մոսկովիսին, հայտնելով, որ քվեարկելու է Մաքրոնի օգտին։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ են դուրս եկել «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը, ձայների 23․75 տոկոսով ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21․53 տոկոսով։

Ընտրությունների երկրորդ փուլը կանցնի մայիսի 7-ին։