«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի, Կենտրոնական կոմիտեի անդամներ Քրիս Գյուլջյանի եւ Վարուժ Ուրֆալյանի, Հայ օգնության միության Ամերիկայի արեւմտյան շրջանի ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի, Համազգային միության ԱՄՆ արեւմտյան շրջանային վարչության ներկայացուցիչ Վիգեն Հաբոյանի եւ Հոմենետմեն ԱՄՆ արեւմտյան շրջանային վարչության ատենապետ Գառնիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը` այն համարելով հայ ժողովրդի եւ նրա պետականության առջեւ ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական եւ թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նա բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին մեր հանրապետությանը սատարելու համար` նշելով, որ Արցախում մշտապես զգում են Սփյուռքի մեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:

Հանդիպմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության պատվիրակության անդամները, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, բարերարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: