Այսօր` նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ  Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին, որտեղ անդրադարձել է այն կարեւոր ծառայությանը, որ դեսպանատունը կատարում է երկու բարեկամ երկրների հարաբերությունների սերտացման եւ հետագա զարգացման համար:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն երախտագիտությամբ է խոսել նաեւ հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի առանձնահատուկ վերաբերմունքի մասին՝ անդրադառնալով Ֆրանսիայի վճռական կեցվածքին Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում:

Իր հերթին Անրի Ռենոն նշել է, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի ինքնության հզոր տարրերից մեկն է, որի զորեղ ուժով եւ դարավոր մաքառումների գնով է պայմանավորված հայ ազգի գոյությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Եկեղեցու առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման ուղիներին, Ֆրանսիայի հայոց թեմին եւ հայ համայնքի կյանքին: