Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հանդեպ շահագրգռվածություն են հանդես բերում Եվրոպայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի մոտ 50 երկրներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովի երկրորդ օրը կայացած «կլոր սեղանի» նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ բանակցություններ են վարվում ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, Իսրայելի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, պայմանավորվածություն կա Եգիպտոսի, Իրանի, Սերբիայի եւ Սինգապուրի հետ խորհրդատվություններ սկսելու մասին:

«Մենք ընդհանուր առմամբ խոսում ենք, այսպես կոչված, Եվրասիական մեծ գործընկերության մասին: Խոսքը բազմակողմանի կոոպերացիայի մասին է ԵՏՄ երկրների մասնակցությամբ, Համագործակցության Շանհայյան կազմակերպության եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի մասին»,- նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ նման գործընկերության կառուցումը երկարատեւ եւ քրտնաջան գործընթաց է, որն ինտեգրման տարբեր խորություն, արագություն եւ մակարդակ է ենթադրում, սակայն նման աշխատանք կատարելը շատ կարեւոր է, քանի որ վերջնարդյունքում այն թույլ կտա միասնական տնտեսական տարածք ստեղծել Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկանոս: