«Կատալոնիայի երիտասարդ սոցիալիստներ» երիտասարդական կազմակերպությունը (Joventut Socialista de Catalunya) գովազդային հոլովակ է պատրաստել ուղղված  բոլոր ընտրողներին, որի կարգախոսն է. «Քվեարկելը բավականություն է»:

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին (ընտրությունները Կատալոնիայում կայանալու են նոյեմբերի 28-ին) երիտասարդ սոցիալիստները սոցիալական ցանցերում եւ YouTube-ում գովազդային հոլովակ են տեղադրել, որի սյուժեն ընտրատեղամաս այցելող եւ սոցիալիստներին քվեարկող երիտասարդ աղջկա մասին է:

Լրացնելով քվեաթերթիկը, գեղեցկուհին ակնհայտ սեքսուալ գրգռվածություն է զգում, իսկ քվեաթերթիկը քվեատուփը գցելիս օրգազմ է ապրում:

Տեսահոլովակը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության շրջանում: Պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալիսիա Սանչես-կոմաչոն հայտարարել է, որ այն վիրավորում է կանանց արժանապատվությունը:

Իսկ Իսպանիայի իրավահավասարության նախարար Բիբիանա Այդոն նկատել է, որ երիտասարդ սոցիալիստներն ընտրողներին խոստացել են մի բան, որը տալ չեն կարող: Ընդ որում, նա ընդգծել է, որ «եթե դա ճիշտ լիներ, քվեարկության մասնակիցների թիվն զգալիորեն կաճեր»:  Այս մասին հաղորդում է newsru.co.il-ը։