Հայաստանը կունենա աշխարհի ամենաերկար զիփլայնը, որը նախատեսված է կառուցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, որտեղ արդեն տեղակայված են 5 տարբեր երկարություն եւ ուղղություն ունեցող զիփլայնները (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանի եւ հայաստանցիների համար զիփլայնով թռիչքն արդեն նորություն չէ: Էքստրիմի սիրահարների համար Ենոքավան համայնքում գտնվող  «Յելլ էքսթրիմ Պարկը» 2015 թվականից նախընտրելի վայր է դարձել ադրենալինը լրացնելու, սեփական վախերից ազատվելու եւ ուղղակի օդում ճախրելու համար:

«Յելլ էքսթրիմ Պարկում» արդեն գործում են էքստրեմալ սպորտի եւ ակտիվ հանգստի տարբեր տեսակներ՝ զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), Ռոփպարկ (Rope Park), քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ (Horseback Riding) եւ այլք:

Իսկ շուտով նույն վայրում կկառուցվի նաեւ ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի ամենաերկար զիփլայնը: Նախագծի շրջանակում «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակները մեկօրյա շրջայց էին կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

 «Յելլ էքսթրիմ Պարկի» հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը պատմեց նոր կառուցվող ամենաերկար զիփլայնի եւ դրա առանձնահատկությունների մասին:

«Նախատեսում ենք Հայաստանում կառուցել աշխարհի ամենաերկար զիփլայնը: Կառուցման համար մեզ անհրաժեշտ է շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասն արդեն առկա է,մնացած մասը՝ 20 հազար ԱՄՆ դոլարը լրացնելու  համար միջազգային Indiegogo հարթակում մայիսի 4-ից սկսել ենք աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի արշավը: Դրամահավաքը տեւելու է 30 օր: Արդեն ունենք հավաքված 8160 դոլար: Կարծում եմ, մեզ կհաջողվի պահանջվող գումարը հավաքել, կկարողանանք համախմբվել լավ գաղափարի շուրջ եւ Հայաստանը դարձնել ավելի գրավիչ զբոսաշրջության համար: Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային եւ էքստրեմալ զբոսաշրջությունը, դառնալ տարածաշրջանի ամենաէքստրեմալ զբոսաշրջության խոշոր կենտրոն, սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը եւ խրախուսել առողջ ապրելակերպը: Մեր ունեցած ակտիվ հանգստի տեսակներով արդեն շարժ ապահովել ենք, հայաստանցիները սիրեցին էքստրեմալ եւ ադրենալին տվող ակտիվ հանգիստը, թռիչքները զիփլայնով, պարաններով, ծառերի վրայով խոչընդոտներ հաղթահարելը: Մեր այցելուները 18-ի 28 տարեկաններն են հիմնականում: Օրինակ, անցյալ տարի ունեցանք ավելի քան 10 հազար այցելու, որոնց հիմնական մասը հայաստանաաբնակներն էին: Միայն 20 տոկոսը դրսի զբոսաշրջիկներն էին: Այս տարի ցանկանում ենք մեծացնել դրսից եկող զբոսաշրջիկների թիվը: Կարող ենք Ենոքավանը դարձնել զբոսաշրջության խոշոր կենտրոն: Այս ամենը հաշվի առնելով ձեռնամուխ եղանք նոր գաղափարի՝ նոր զիփլայնի կառուցմանը, որը պատրաստ կլինի հուլիսին:  

Աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենա 2680մ երկարություն եւ 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տեւելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար Զիփլայնը գտնվում է Մեքսիկայում՝ 2545մ»,- ասաց Տիգրան Չիբուխչյանը:

Մինչ նոր զիփլայնի կառուցումը,  շրջայցի շրջանակներում լրագրողները հնարավորություն ունեցան փորձարկել զիփլայններից 3-ը, մյուս երկուսը եղանակային պայմաններից ելնելով անհնար էր անցնել:

Զիփլայնի ճոպաններով մի սարից մյուս սար անցնելն իսկական հաճույք է թռչել սիրողների համար: Առաջին հայացքից իսկապես վախեցնող եւ վտանգավոր է թվում, հատկապես երբ կանգնած ես լինում ցատկահարթակին, որից այն կողմ անդունդն է: «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի ինստրուկտորները, նախքան թռիչքը կարճ վարպետության դաս են անցկացնում, անվտանգության կանոնները մանրամասն բացատրում, ապա  թույլատրում ցատկահարթակ դուրս գալ: Արդեն վերջին ճոպանով անցնելուց հետո յուրաքանչյուր թռչող ցանկություն է հայտնում եւս մեկով՝ ավելի երկար եւ բարդ ճոպանով անցնել, ինչն էլ նպաստել է «Յելլ էքսթրիմ Պարկը»-ի հիմնադիրների կողմից աշխարհի ամենաերկար զիփլայնը ստեղծելու եւ Հայաստանը զբոսաշրջիկների համար էսքտրեմալ եւ արկածային վայր դարձնելու գաղափարին։