Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բեկանել ապօրինի թմրանյութ ձեռք բերելու համար 1 տարով պայմանական ազատազրկման դատապարտված եւ տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող Վարդան Հովսեփյանի դատավճիռը:

Նշենք, որ Վարդան Հովսեփյանին առաջին ատյանի կայացրած որոշումից ընդամենը 1 ամիս անց մեղադրանք էր առաջադրվել տաքսու վարորդ Կարլեն Գրիգորյանի վիզը կտրելու համար: Նույնիսկ այս հանգամանքը Վերաքննիչը հաշվի չի առել վճիռ կայացնելիս եւ որոշել է մերժել մեղադրողի դիմումը, որով պահանջում էր բեկանել առաջին ատյանի որոշումն ու ազատազրկման դատապարտել Վարդան Հովսեփյանին:

Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարի 26-ին ժամը 17.45-ին ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 20-ամյա Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, 25-ամյա Վարդան Հովսեփյանը Երեւանի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

Նախնական տվյալներով, Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջեւ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդանը դանակով հարվածել է Կարլենին, սպանել նրան եւ դիմել փախուստի:

Ժամեր անց Վարդանին հայտնաբերել են եւ բերման ենթարկել ոստիկանություն: Գյումրեցի երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորված է: