Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ին նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ սոցապնախարարության բարձրաստիճան պաշտոնյան դեռեւս կալանքի տակ է գտնվում: Ընթացող նախաքննության մասին Ալումյանը հրաժարվում է առայժմ որեւէ մեկնաբանություն տալ:
Մեր տեղեկություններով, այս գործի շրջանակում կան այլ մեղադրյալներ, սակայն կալանավորված է միայն Արմեն Սողոյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ եւ դրանք փոխանցել իրենց վերադասներին:
Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ, ապօրինի եւ համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:
Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 մլն 547 հազար դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։
Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երեւան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ վերափորձաքննության բաժնի պետը:
Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով:
Նշենք, որ Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը եւ 2015թ. գիտական ղեկավարն է:





























