ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սոցապնախարարի նախկին տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի՝ նախաքննական ցուցմունքում արած հայտարարությունը, թե Բյուրեղվանի գիշերօթիկում տեղի ունեցած չարաշահումների մասին բարձրաձայնած ծնողներին գտնելն ու պատժելը եղել է իր հրամանը, մտավարժանք է անվանեում. «Տարբեր մտավարժանքներին ճիշտն ասած պատասխանելու ցանկություն չունեմ»,-ասաց նա՝ չցանկանալով պատասխանել NEWS.am-ի հարցին:

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի ծնողների եւ նրանց երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ գործի նյութերով պարզվել է, որ Արտեմ Ասատրյանն է Բերիկյանին հրաման տվել, որ գնա, պարզի, թե ով է դպրոցի խնդիրները բարձրաձայնած նամակի հեղինակը: Փաստաբանի խոսքով, այդ մասին հայտարարել է հենց Բերիկյանն՝ իր նախաքննական ցուցմունքում: 

Հիշեցնենք, որ 2014թ.-ին Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել էին իշխանություններին՝  հայտնելով, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, իսկ տնօրեն Գայանե Մարգարյանն էլ չարաշահումներ է թույլ տվել: Դեռ այդ ժամանակ Բերիկյանը հանդիպել էր դպրոցի սաների, ծնողների ու կոլեկտիվի հետ եւ փորձել պարզել, թե ովքեր են նամակի հեղինակները:

Հետաքրքիր է, որ գործ հարուցվեց միայն չարաշահումների փաստի առթիվ: Այսօր ամբաստանյալի աթոռին է հայտնվել դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը: Ֆիլարետ Բերիկյանի մասով եւս քրգործ է հարուցվել: