Շրջակա միջավայրի պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ի ու Չինաստանի փոխգործակցությունն ավանդաբար եղել է բարեկամական ու բեղուն, գրում է ԱՄՆ շրջակա միջավայի պաշտպանության հարցերով գործակալության նախկին ղեկավար Ջինա Մաքքարթնին Foreign Policy-ում։ «Բոլոր երկրներն ու ժողովուրդները շահագրգռված են շրջակա միջավայրի աղտոտման մակարդակի նվազման հարցում»։

«Ցավոք, «Ամերիկան նախեւառաջ» կարգախոսը, որը համառորեն առաջ է մղում Թրամփի վարչակազմը, ըստ երեւույթին կույր է մաքուր ջրի, օդի ու հողի կենսական պահանջների նկատմամբ։ Կան հսկայական տնտեսական հնարավորություններ ու դիվանագիտական լծակներ, որոնք ԱՄՆ-ն կարող է տբօրինել, կամ էլ Չինաստանին զիջել դիրքերը «կլիմայական առաջատարության» ոլորտում»,- նշում է Մաքքարթնին։

«Էներգիայի էկոլոգիական մաքուր աղբյուրների զարգացմանն ուղղված ներքաղաքական միջոցառումներից բխող ակնհայտ տնտեսական շահերը խթանել են էկոլոգիապես մաքուր էներգետիկայով մեր արագ աճող արդյունաբերությունը, ստեղծել հարյուր հազարավոր աշխատատեղեր միջին դասի կատեգորիայում ու արագացրել տնտեսական աճը»,- գրում է հեղինակը։

Բայց Թրամփի վարչակազմը ըստ երեւույթին դա չի հասկանում, ասվում է հոդվածում։ «Եթե Թրամփի վարչակազմը առաջատարություն չդրսեւորի ներքաղաքական քայլերում՝ կլիմայի հարցում ու չաջակցի Փարիզյան համաձայնագիրը, նա կզիջի դիրքերը Չինաստանի նման երկրներին, որոնք տնտեսական առավելություններ ունեն մրցունակ պայքարում»,- վստահեցնում է Մաքքարթնին՝ հիշատակելով նաեւ ԱՄՆ բնակչության անվտանգությանն ու առողջությանը սպառնացող վտանգների մասին։

«Էկոլոգիայի ոլորտում էներգետիկ առաջատարությունն ու կլիմայի վերաբերյալ գործողությունները ոչ թե ավելորդ ծախսեր են այլ ներդրումներ,- շարունակում է փորձագետը,- Նվազեցնելով կամ վերացնելով մեր ավանդը Փարիզյան համաձայնագրում, մենք սխալ ազդանշան կուղարկենք էկոլոգիապես մաքուր էներգետիկայում ներդրումներ անողներին ու մնացյալ աշխարհին, որը ավանդաբար առաջնորդվում է նրանով, որ մենք են հաղորդում համաշխարհային տնտեսության տեմպն ու միտումը»։

«Աշխարհում ոչ ոք , նույնիսկ ԱՄՆ նախագահը, ունակ չեն կանգնեցնել գլոբալ տնտեսական ուժերին, որոնք գնում են դեպի ածխաթթու գազի արտանետումների նվազում»,- համարում է հեղինակը։

«Եթե ուզում ենք աշխարհը տանել մեր ետեւից ու օգուտ քաղել, ուրեմն ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա կլիմայական փոփոխությունների ոլորտում ձեռնարկվող գործողություններին, այլ ոչ թե հրաժարվի դրանցից», - ամփոփում է Մաքքարթնին ։