Ճապոնիայի խորհրդարանի Ստորին պալատն ուրբաթ հավանության է արժանացրել Ակիհիտո կայսեր՝ գահից հրաժարվելու եւ գահն ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին փոխանցելու օրինագիծը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել իշխող Լիբերալ-դեմոկրատական եւ կոալիցիայի մաս կազմող «Նոր Կոմեյտո» կուսակցության պատգամավորների մեծամասնությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Օրինագիծը կուղարկվի խորհրդարանի վերին պալատ՝ քննարկման համար, որտեղ եւս իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում։ Նախատեսվում է, որ այն կընդունվի ընթացիկ նստաշրջանի ընթացքում, որը կավարտվի հունիսի կեսերին։
Փաստաթղթի համաձայն՝ գահից հրաժարվելուց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ Մեծություն» տիտղոսը եւ այլ արտոնություններ։ Բացի այդ, նրան կկոչեն «ձյոկո», ինչը թարգամանաբար նշանակում է «գահից հրաժարված կայսր»։ Ակիհիտոյի կրստեր որդուն՝ Ակիսինոյին, որը գահաժառանգ է դառնում, առաջարկվում է անվանել «կոսի», ինչն արտացոլում է նրա նոր կարգավիճակը։





























