Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվեց տոնական միջոցառում կին դատապարտյալների եւ նրանց այցելած երեխաների համար:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը, ողջունելով ներկաներին, վերջիններիս փոխանցեց Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի շնորհավորական խոսքը` շեշտելով, որ այսօրինակ միջոցառումները անմիջականորեն նպաստում են դատապարտյալ կանանց վերասոցիալականացմանը:

Տոնական սեղանների շուրջ ծնողներին հանդիպելուց հետո երեխաները նկարակալների վրա սկսեցին գունանկարներ անել, ապա հաջորդեց կավճանկարչությունը: Այնուհետեւ փոքրիկներն ասմունքեցին եւ հանդես եկան երաժշտական կատարումներով:

Միջոցառումն ավարտվեց «Ընտանիք եւ համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված «Իսկական ընկերը» տիկնիկային բեմադրությամբ, ինչը մեծ ոգեւորությամբ ընդունվեցին ներկաների կողմից:

Միջոցառումից հետո ՔԿՀ պետ Մ. Միքայելյանը այցելեց անչափահաս կալանավորված անձանց եւ դատապարտյալներին, շնորհավորեց նրանց տոնի կապակցությամբ, ապա ծավալվեց անկեղծ եւ անմիջական զրույց:

Օրվա ավարտին, մինչ երեխաները հրաժեշտ կտային իրենց մայրերին, հիմնարկի աշխատակիցները եւ դատապարտյալ կանայք երեխաներին նվերներ հանձնեցին: