Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորապես ափսոսանք է հայտնել՝ ԱՄՆ-ի Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու կապակցությամբ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չի խանգարի շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Գերմանիայի գործադրած ջանքերին։ Այս մասին հունիսի 2-ին  Բեռլինում հայտարարել է Անգելա Մերկելը, հաղորդում է DW-ն։

«Փարիզի կլիմայական համաձայնագիրն անհրաժեշտ է տիեզերքը պահպանելու համար», այդ պատճառով «չի կարելի հետ դառնալ ճանապարհից, որը սկսվել է Կիոտոյի արձանգրությունից եւ շարունակվել Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրով», ընդգծել է դաշնային կանցլերը։

Մերկելը նշել է, որ այդ պայմանագիրը կա եւ կմնա այն հիմքը, որի վրա կհենվի միջազգային հանրությունը գլոբալ տաքացման դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի որոշումը չի ազդի նրանց վրա, ովքեր իրենց պարտավորված են զգում Երկրի պաշտպանության հարցում։ «Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր մոլորակի ապագայի նկատմամբ։ Մենք պետք է միավորեն ջանքերն ու առաջ ընթանանք մեր ընտրած ճանապարհով, որը հաղթանակով կպսակվի»,-ասել է Մերկելը։