ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը Սինգապուր է ժամանել՝ պաշտպանության եւ անվտանգության տարածաշրջանային գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն պահպանում է իր հակվածությունը դաշնակից Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Պաշտոնը ստանձնելուց ի վեր Մեթիսը տարածաշրջանում է արդեն երկրորդ անգամ։ Նա պատրաստվում է ներկայացնել ԱՄՆ-ի հստակ քաղաքականությունը տարածաշրջանում դաշնակիցների նկատմամբ եւ մեղմել նրանց մտահոգությունները։

Նախարարի խոսքով՝ շաբաթ կայանալիք միջազգային «Երկխոսություն Շանգրի Լագ» գագանթաժողովում ինքը կխոսի Ասիայում խաղաղություն պահպանելու համար անհրաժեշտ «միջազգային կարգի» մասին, ինչը ենթադրում է հակազդում ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռային հավակնություններին։

Նախատեսվում է, որ նա կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ, այդ թվում՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Ավստրալիայի։