ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանին:Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է հայ-գերմանական կրթական համագործակցությունը եւ առանձնակի ընդգծել Գյոթեի ինստիտուտի ներդրումն այդ ասպարեզում:
Շեշտելով, որ Գյոթեի ինստիտուտի հայաստանյան թիմն արդյունավետ եւ կարեւոր աշխատանք է կատարում մեր երկրում գերմաներենի տարածման եւ զարգացման ուղղությամբ՝ Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում նախատեսվող փոփոխությունները:
Լեւոն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նախարարության կողմից մշակվել է օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների հայեցակարգը, որտեղ առանձնակի կարեւորվում է լեզուների, այդ թվում նաեւ գերմաներենի ուսուցման զարգացումը: Հայեցակարգի շրջանակում օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներում բացի լեզվի, գրականության եւ մշակույթի ուսուցումից, դիտարկվում է նաեւ որեւէ բնագիտական առարկայի ուսուցման կազմակերպումը համապատասխան լեզվով:
Նախարարը նշել է, որ այս հարցում հայկական կողմն ակնկալում է Գյոթեի ինստիտուտի աջակցությունը՝ նկատի ունենալով, որ Հայաստանում գերմաներենով դասավանդող բնագիտական առարկաների նեղ մասնագետներ չկան.«Մենք ակնկալում ենք, որ DAAD-ի ծրագրերի շրջանակում մանկավարժները կարող են համապատասխան վերապատրաստում անցել»,- նշել է ԿԳ նախարարը:
Իր հերթին Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ գործնական առաջարկության համար, ընդգծելով, որ իրենք մեծ սպասումներ ունեն նախաձեռնության իրագործումից եւ պատրաստակամ են խորացնել համագործակցությունը:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում Գյոթեի ինստիտուտի գրասենյակի գործունեությանը եւ ընդգծել, որ հետեւողական քայլեր են ձեռնարկվում Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղի բացման ուղղությամբ: Նշվել է, որ Հայաստանի դպրոցականները գրավել են երրորդ պատվավոր տեղը Գյոթեի ինստիտուտի կողմից 2 տարին մեկ կազմակերպվող գերմաներեն լեզվի միջազգային օլիմպիադայում: Հայաստանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչության աջակցությամբ կազմակերվում են գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, առաջիկայում երրորդ անգամ անցկացվելու է գերմաներեն դասավանդողների համաժողովը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-գերմանական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր, մասնավորապես կարեւորվել է համագործակցության կապերի ամրապնդումը ՄԿՈՒ ոլորտում, Գյոթեի ինստիտուտի շրջանակում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը:





























