Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցը Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի «ամենից ոչ ամերիկյան» նախագահն է կոչել:

«Թրամփը դավաճանում է այն ամենին, ինչը փառավորում էր ԱՄՆ-ն. հանդուրժողականություն, ժողովրդավարական ինստիտուտներ, անձի հանդեպ հարգանք: Այդ առումով Թրամփն ԱՄՆ-ի ամենից ոչ ամերիկյան նախագահն է, ինչպիսին արդեն երկար ժամանակ չէր եղել»,- Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Շուլցը:

Նրա կարծիքով՝ Թրամփի քաղաքականության կենտրոնում «տաբուների նպատակաուղղված խախտումն է», ինչը նրան միավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

«Բայց պետք չէ մոռանալ. Թրամփն ԱՄՆ-ն չէ»,- ընդգծել է Շուլցը:

Մեկնաբանելով կլիմայական փոփոխությունների հարցով Փարիզի համաձայնագրից հրաժարվելու մասին Թրամփի որոշումը՝ Շուլցը նշել է, որ այդպիսով ամերիկյան նախագահը ցանկանում է նվազեցնել ամերիկյան մթերքների համար էկոլոգիական ստանդարտներն ու արտադրական ծախսերը:

«Դա շատ պարզ, բայց անհեռատես հաշվարկ է: Դա չի աշխատի, քանի որ Թրամփը բաց թողեց ամերիկյան արդյունաբերությունն արդիականացնելու հսկայական հնարավորությունը»,- հավելել է Շուլցը: